«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՀՐԵԱՆԵՐԻ ԱՐՏԱՔՍՄԱՆ ՆԱԽԵՐԳԱՆՔ

ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՀՐԵԱՆԵՐԻ ԱՐՏԱՔՍՄԱՆ ՆԱԽԵՐԳԱՆՔ
11.06.2010 | 00:00

Հայաստանի քաղաքագետների միության վարչության հունիսի 8-ին կայացած արտակարգ նիստը հատուկ հրավիրել էր միության նախագահ, ՀՀ երկրորդ և երրորդ գումարումների Ազգային ժողովի պատգամավոր, քաղաքագիտության դոկտոր ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ` Թուրքիայի սադրիչ քաղաքականության պատճառով Մերձավոր Արևելքում սրված իրավիճակը քննարկելու նպատակով։
ՀՀ քաղաքագետների միության վարչության ընդունած բանաձևում համաշխարհային հանրությանը կոչ է արվում ամենայն լրջությամբ վերաբերվել Թուրքիայի ներկա կառավարիչների փորձերին, որոնք սեփական նորօսմանյան քաղաքական հավակնությունների բավարարման նպատակով բորբոքում են միջազգային հանրության բազմամյա հետևողական ջանքերի շնորհիվ մարած ազգային քաղաքական հակամարտությունները Մերձավորարևելյան և Հարավկովկասյան տարածաշրջաններում։
«Ինչպես հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման մոտեցման, այնպես էլ արաբա-իսրայելական հաշտության հարցում իր դիրքորոշման ձևակերպման գործում,- ընդգծվում է բանաձում,- Անկարան խոսքով հանդես է գալիս խաղաղության, անվտանգության ու կայունության ամրապնդման օգտին, իսկ գործով ձգտում է միանգամայն հակառակ արդյունքի` հակամարտող կողմերի հարաբերություններում փոխադարձ կասկածամտության, անհաշտության և բացահայտ թշնամության բորբոքմանը»։ Բացահայտորեն պաշտպանելով հակամարտության կողմերից մեկի նկրտումները և դրանով իսկ նրան մղելով մյուս կողմի համար կանխավ անընդունելի ծայրահեղական պահանջների առաջադրմանը, Անկարան, փաստորեն, նպաստում է առկա հակասությունների խորացմանն ու սառեցված վիճակից զինված «տաք» հակամարտության նախնական փուլ անցնելու սպառնալիքի մեծացմանը։
«Որքան էլ Անկարան ձգտի թուրքական դիվանագիտությանը բնորոշ` կեղծ մարդասիրական բարբաջանքների գործելաոճին,- ասված է բանաձևում,- ակնհայտ է, որ նրա ներկա կառավարիչները իսլամական աշխարհում լիդերության և «օսմանյան խալիֆայության» ավանդույթների վերածնման իրենց հավակնությունները բավարարելու համար պատրաստ են ցանկացած, անգամ ամենավտանգավոր, «դիվահար ֆյուրերի» արարքների հետ համեմատելի արկածախնդրությունների։ Այնպես, ինչպես վերջինս հրեաների համատարած ոչնչացման իր հղացումներում ոգեշնչվում էր այն ժամանակվա Թուրքիայի կառավարիչների` 20-րդ հարյուրամյակի արշալույսին կատարած հայ ժողովրդի ցեղասպանության չպատժվածությամբ, Թուրքիայի ներկա կառավարիչները սկսել են թուրքական «երրորդ ռայխի» վերածնման իրենց մտահղացման կենսագործումը` ատելություն բորբոքելով Իսրայելի նկատմամբ, իսկ Թուրքիայից հայերին արտաքսելու (այսինքն` Թալեաթի, Էնվերի, Ջեմալի սկսած և Հիտլերին ոգեշնչած գործերն ավարտելու) հնարավորության մասին հենց վերջերս Էրդողանի թույլ տված սպառնալիքները ոչ այլ ինչ էին, եթե ոչ հիմա Թուրքիայից հրեաների արտաքսման նախերգանք»։
Բանաձևի վերջում հեղինակները դիմում են պատասխանատու քաղաքական գործիչներին, ազգային խորհրդարանների պատգամավորներին, բարի կամքի բոլոր մարդկանց` կոչ անելով չվստահել ժամանակակից Թուրքիայի կառավարիչների երկերեսանի ճամարտակություններին, թե իբր մտահոգված են Պաղեստինի արաբ ժողովրդի իրավունքների պաշտպանությամբ։ «Մի պետություն, որը հրաժարվում է ժամանակակից Գերմանիայի օրինակով, որն ընդունել ու դատապարտել է հրեական ժողովրդի հոլոքոստի հանցագործությունը, կամ ժամանակակից Ռուսաստանի օրինակով, որն ընդունել ու դատապարտել է ստալինյան ռեժիմի հանցանքները, ընդունել և դատապարտել Արևմտյան Հայաստանի տարածքում հայ ժողովրդի նկատմամբ Օսմանյան Թուրքիայի կառավարիչների իրականացրած ցեղասպանությունը, իրավունք չունի դատողություններ անելու այս կամ այլ ժողովուրդների իրավունքների ոտնահարման մասին։ Իրականում Թուրքիայի գործողությունները թելադրված են ոչ թե արաբական կամ ադրբեջանական ժողովուրդների իրավունքների նկատմամբ հոգատարությամբ, այլ նոր պայմաններում նախկին մեծապետական կայսերական կորսված դերն իրեն վերադարձնելու ձգտմամբ։ Նախապես մտածված և պլանավորված առճակատումն Իսրայելի պետության հետ, դրան հետևած` կատաղի հակաիսրայելական քարոզչությունը ցույց տվեցին, որ իսլամական աշխարհի պարագլխի դերում իր հաստատման համար Անկարան պատրաստ է ամենուրեք հրահրել մարմրող ազգային քաղաքական հակամարտությունների բորբոքում, դրանք վերադարձնել «եռման» նոր փուլ, այնուհետև տեղափոխելով համընդհանուր միջկրոնական և միջքաղաքակրթական դիմակայության` համաշխարհային քաղաքակրթության ճակատագրի համար ծայրաստիճան վտանգավոր հուն։ Այսպիսով, Սամուել Հանտինգտոնի կանխատեսած քաղաքակրթությունների համընդհանուր հակամարտության ուրվականը` իսլամական աշխարհում նոր դեր որդեգրելու Անկարայի հայտի հետ մեկտեղ, միանգամայն իրական պատկեր է ստանում։ Թուրքիայի ժամանակակից կառավարիչների այդ չափազանց վտանգավոր մարտահրավերին արևմտյան քաղաքակրթությունը, Արևմտյան Եվրոպայում և նախկին խորհրդային տարածքում դրա ջատագովները, ինչպես նաև ամբողջ աշխարհի խաղաղությամբ, կայունությամբ ու անվտանգությամբ մտահոգ բոլոր մարդիկ պետք է ամենայն լրջությամբ և պատասխանատվությամբ վերաբերվեն»։

Դիտվել է՝ 1054

Մեկնաբանություններ